Wordpress համակարգով կայք՝ արժի՞ ունենալ
Կայքի պատրաստման փնտրտուքների մեջ շատերն են կանգնում մի հարցի առաջ՝ օգտվել պատրաստի CMS-ներից (բովանդակության կառավարման համակարգ), թե՞ պատվիրել զրոյական կոդով կայք։
 
Ամենատարածված  CMS-ներից Wordpress-ն է, որն ի սկզբանե նախագծվել է որպես բլոգային համակարգ։ Փորձենք թվարկել Wordpress-ի դրական և բացասական կողմերը, որոնք հաշվի առնելով՝ կարող եք ճիշտ որոշում կայացնել Ձեր վեբ ռեսուրսի համար։
 
Դրական կողմեր
  • Աշխարհում Wordpress համակարգով նախագծված արդեն ավելի քան 10 մլն կայք կա, ուստի այն մշտապես թարմացվող և կատարելագործվող համակարգ է։
  • Գոյություն ունեն դիզայնի բավականին շատ շաբլոն տարբերակներ, որոնք անվճար են կամ շատ մատչելի, սակայն դրանց կիրառման պատճառով դժվար թե բացառիկ կայք ունենաք։
  • Wordpress-ով կառուցվող կայքը շատ արագ է պատրաստվում, ուստի եթե ժամկետների հարցում շտապում եք, սա ամենահարմար տարբերակն է։
  • Երբեմն հնարավոր է կայք ստանալ՝ առանց բարձրակարգ ծրագրավորողի մասնակցության, ինչը բավական մատչելի է դարձնում կայքը։
  • Wordpress-ը հնարավորություն է տալիս անկախ լինել կայքը պատրաստող կազմակերպությունից, քանի որ ստանում եք բոլորին մատչելի, հասկանալի կոդ։
  • Wordpress համակարգից հասկացող շատ մասնագետներ կան, հետևաբար կայքի բովանդակությունը թարմացնելու համար կարիք չի լինի ինչ-որ բան սովորեցնել Ձեր կազմակերպության նոր աշխատակցին։
 
Բացասական կողմեր
  • Կայքի անվտանգությունը - Հարձակումների մեծագույն բաժինը հասնում է wordpress կայքերին, քանի որ կոդը բաց է, բոլորին հասանելի։ Կան բազմաթիվ կայքեր, որոնք ջարդելով, հնարավորություն է առաջանում օգտագործել սերվերի ռեսուրսները։
  • Նախորդ կետից ելնելով՝ հետագա սպասարկումը, անվտանգության ապահովումը ավելի թանկ է ստացվում։
  • Հնարավորությունների իմաստով կայքն ունի սահմանափակումներ, և հետագա ֆունկցիաների ավելացումն ավելի բարդ է իրականացնել։ Ավելին, կայքի բաղկացուցիչ մասերը գրվում են տարբեր մարդկանց, թիմերի կողմից, և ոչ մի երաշխիք չկա, որ մի օր որոշ թարմացումներից հետո անհամատեղություն չի լինի և  կայքը խնդիրներ չի ունենա։
  • Wordpress-ը մեծ բազա չի սիրում։ Սա հատկապես լրատվական կայքերի համար կարող է խնդիր լինել,
  • Wordpress-ն այնքան էլ մեծ վարկանիշ չունի, քանի որ գոյություն ունեն ցածրակարգ շատ նախագծեր այս CMS-ով։
 
Որոշելու համար Wordpress CMS-ով կայք պատրաստել, թե ոչ, անպայման նաև հաշվի առեք, որ կայքերի զարգացման դինամիկան կազմում է 3-5 տարի, հետևաբար, առավելագույնը 5 տարին մեկ անհրաժեշտություն է առաջանում հիմնովին թարմացնելու կայքը։ Զրոյական մաքուր կոդով գրված կայքերն ավելի մեծ հնարավորություն են տալիս ապագայում փոփոխել կայքը՝ համապատասխանեցնելով ժամանակակից ծրագրային լուծումներին, մինչդեռ CMS-ով մենք միշտ փորձելու ենք հարմարվել առկա հնարավորություններին և լուծումներին։